Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է, իսկ օնլայն տիրույթում հաղթանակի, ոգևորության և մեր հերոսներին նվիրված հրապարակումներն ավելի մեծ ալիք են հավաքում:
Վերջին օրերին սոցցանցերում ամենատարածված #NKPeace #ArtsakhStrong հեշթեգների հետ շիրազյան տողերն է մեջբերում Սիրուշոն:
Բազմաթիվ երկրպագուների սպասման և վերջիններիս արձագանքների հետքերով. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մի քանի օր ուշացումով խախտել է լռությունը՝ օնլայն տիրույթում միանալով համընդհանուր պայքարին.
«Եկեք ուժ և միասնականություն դրսևորենք մեր ազգի համար այս դժվարին ժամանակահատվածում: Աղոթում եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն լինի: Իմ բոլոր մտքերը մեր հայրենակիցների և նրանց ընտանիքների հետ են: Պինդ կաց, Հայ Ազգ, մենք կողքիդ ենք»,-ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրում է Մխիթարյանը:
Աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին ևս անտարբեր չի թողել վերջին օրերի սահմանային լարվածությունը. «Ես ոգևորված եմ հայ զինվորի, հայ սպայի, հայ հրամանատարի, հայ մարդու խիզախությամբ, քաջությամբ ու անպարտելիությամբ: Նրանց ոգին ինձ էլ է ոգևորում: Ապրիլի 9-ի մենամարտում հաղթանակս նվիրելու եմ հայ զինվորին»,-aravot.am-ի հետ զրույցում նշել է բռնցքամարտիկը:
Համահայկական աջակցության, զինվորի կողքին լինելու, նրա կյանքի համար աղոթելու, մարդկության միասնականության ու հանդուրժողականության կոչով երկրպագուներին է դիմել հայկական արմատներով 45-ամյա ֆրանսիացի երգչուհի Հելեն Սեգարան.
«Ղարաբաղն ու Ադրբեջանը պատերազմական վիճակում են: Երեխաներ են զոհվել: Այդ ամենն այստեղ քչերին է հուզում, գուցե միայն այն ժամանակ, երբ մամուլն է հիշատակում այդ մասին: Սիրտս կտոր–կտոր է լինում, երբ տեսնում եմ, որ պատմությունը նորից ու նորից կրկնվում է»,- #PrayForArmenianSoldiers հեշթեգի հետ գրել է երգչուհին:
Զինված ուժերի, ծածանվող եռագույնի լուսանկարների և Հայաստանի համար աղոթելու Kardashian ընտանիքի գրառման արձագանքները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ընդամենը մեկ թվիթը կարող է փոխել հանրության ընկալումը: 175 միլիոն. համաձայն կանադական Globalnews կայքի հրապարակման՝ Kardashian-ների թվիթների և ինսթագրամյան գրառումների շնորհիվ 175 միլիոն մարդ տեղեկացվել է վերջին մի քանի օրերի խնդրի մասին:
Հակամարտության լուծման այլընտրանք՝ արվեստի միջոցով. «Արվեստն ընդդեմ պատերազմների և ահաբեկչության»՝ հենց այս նշանաբանով ապրիլի 10-ին Գյումրիում կմեկնարկի Վերածնունդ 8-րդ միջազգային մրցույթ-փառատոնը, իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 9-ին կայանալիք «Ժիզել» բալետային ներկայացման տոմսերի վաճառքի արդյունքում գոյացած գումարը կփոխանցվի ԼՂՀ ժողովրդին և Պաշտպանության բանակի զինվորներին: