Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Հպարտ կլինեմ, որ զինվորի պապա լինեմ. բանակային տարիների հիշողություններով կիսվում են հայտնիները:

16:54 - 28/Հոկտեմբեր/2016

Հայտնիները հիշում են իրենց ծառայության տարիներն ու կիսվում Life.panoarama.am-ի հետ:


Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արմուշն ու Հայկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմել են ոչ միայն բանակում ունեցած դժվարությունների, այլեւ ծառայաության տարիներին ողջ կյանքի համար ձեռք բերած նվաճումների մասին:


Ռաֆայել Երանոսյանը մեզ հետ զրույցում առաջին հերթին նշեց, որ ծառայել է Լեռնային Ղարաբաղում՝ Եղնիկներում, ու կես կատակ, կես լուրջ ավելացրեց. «Ինձ թվում է, ծառայությանս մասին բավական է միայն ասել, որ ծառայել եմ Եղնիկներում ու միանգամից ամեն բան պարզ է դառնում»:
Այնուամենայնիվ, իր ծառայության տարիները հիշելով, դերասանը շարունկեց պատմել. «Եթե բանակիս հիշողությունների մասին պատմեմ, ոչ մեկ չի գնա բանակ, ես շատ վատ եմ ծառայել. լավ, էս կատակ: Ծառայել եմ 1999-2001թթ-ներին, մեկ տարի 11 ամիս ծառայել եմ սարերի վրա՝ սահման եմ պահել: Բայց երկու տարի անծանոթ մարդ չեմ տեսել, երկու տարի շարունակ շփվել եմ ընկերներիս հետ, նրանց հետ մինչ օրս կապը շարունակվում է, նրանք լավագույն ընկերներս են համարվում: Իհարկե, ծառայելը դժվար բան է, բայց էլ ի՞նչ տղա, որ չծառայի ու այդ դժվարությունները չհաղթահարի: Բանակում երկու տարի կոփվում ես, երկու տարվա ընթացքում մեջդ իսկական տղամարդ է ձեւավորվում, ավելի ինքնուրույն ես դառնում, ավելի ուժեղ: Ծառայության ընթացքում եւ լավ, եւ վատ օրեր եմ ունեցել, իսկ այսօր, երբ հիշում եմ այդ օրերը, հասկանում եմ, որ եթե ես այդ ամենը հաղթահարել եմ 18 տարեկանում, ուրեմն հիմա ինձ համար բոլոր դժվարությունները ավելի հեշտ հաղթահարելի են: Ես շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի տոնի կապակցությամբ, ողջունում եմ մեր բոլոր զինվորներին, ես հայ զինվորի ցավը տանեմ, իրենք այսօր առաջին հորիզոնականում են մեր համար, թող բարով-խերով ծառայեն ու գան, հասնեն իրենց հարազատներին»:
Արման Խաչատրյանը՝ նույն ինքը Արմուշը, եւս ծառայել է ԼՂՀ-ում.
«1995-1997թթ-ին ծառայել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մատաղիսի 33691 զորամասում: Ծառայության ընթացքում լավ օրերի կողքին նաեւ վատ օրեր են եղել, ինչը հատկապես այդ տարիների համար նորմալ էր. ճիշտ է խաղաղության պայամանգիրը կնքված էր, բայց լարվածությունը մեծ էր: Բանակի տարիներին շատ ընկերներ եմ ձեռք բերել, ու ամենակարեւորը որպես տղամարդ կայացել եմ հենց ծառայության ժամանակ. երկու տարի պետք է դու քո գլխի տերը լինես, ինչը որպես տղամարդ շատ է կոփում: Այն տարիներին իսկապես շատ դժվար էր ծառայելը, այն ժամանակ չկային խոհանոցում աշխատող կամ սանհանգույցը մաքրող աշխատակիցներ, ինչը մեծ խնդիր էր զինվորների համար: Իմ ծառայության տարիներին իսկապես շատ խիստ էր, այն ժամանակ միայն մայրը պետք է մահացած լիներ, որ զինվորին թույլ տրվեր մի քանի օրով գալ տուն: Ես 30 մետր օդային հեռավորության վրա սահման եմ պահել, իսկ դա իսկապես շատ վտանգավոր էր, բայց հպարտ եմ ինձնով, ուրախ եմ, որ նման օրեր եմ ունեցել: Մինչ այսօր բանակային ընկերներիս հետ մոտ ենք, շատ եմ կարեւորում մեր ընկերությունը, հաջորդ տարի լրանում է արդեն 20 տարին, ինչ զորացրվել ենք,- նշեց Արմուշն ու շնորհավորեց,- Նախ ես պարզապես խոնարհվում եմ մեր զինվորների առաջ, ես իրանց ցավը տանեմ, թող առողջ լինեն ու ծառայեն խաղաղ պայմաններում, թող խաղաղություն լինի ողջ աշխարհում: Նաեւ փառք ու պատիվ այն զինվորներին, ովքեր կյանքի գնով են պաշտապնել մեր հայրենիքը: Իմ տանը երկու ապագա զինվոր է մեծանում, հպարտ կլինեմ, որ զինվորի պապա լինեմ»:


Դերասան Անդրանիկ Հարությունյանն էլ բանակային տարիների հիշողություններով կիսվելիս պատմեց.
«2000-2002թթ-ներին ծառայել եմ Ստեփանակերտի զորամասում, իսկ դրանից առաջ վեց ամիս Խոջալուում: Այդ ժամանակ Ստեփանակերտի զորամասում բերում էին միայն սիրուն, բոյով տղաների, քանի որ այն ցուցադրական զորամաս էր, ու ես չհասկացա, թե ինձ ինչի տարան այնտեղ,- ծիծաղելով նկատեց Անդրանիկն ու շարունակեց,- հիմա ծառայությունը շատ ավելի լավ է անցնում, քան այն տարիներին: Այն ժամանակ դեռ գործում էր «չաստ նայող» եւ նման այլ անիմաստ երեւույթները, ինչը զինվորի կյանքը ավելի էր բարդացնում: Այսօր կան բջջային հեռախոսներ, որը կարոտը մի փոքր թեթեւացնում է: Շատ կուզեի ծառայությանս տարիներին դիրքեր գնայի, տեսնեի, թե դա ինչ բան է, բայց մեր զորամասը միակն էր, որ այդ տարիներին զինվորներին դիրքեր չէին տանում: Բանակային տարիներին իմ դժվարությունները կապված էին հիմնականում կարոտի հետ: Ժպիտով եմ հիշում էն տարիները, մինչ այսօր կապ ենք պաշտպանում բանակային ընկերների հետ, ընտանիքով մինչ այսօր էլ հաճախ ենք գնում Արցախ, քանի որ ծառայությանս տարիներին այնտեղ մի ընտանիքի հետ շատ մտերմացանք, ովքեր ինձ ու եղբորս, այսպես ասած, տիրություն էին անում: Ես կոչ եմ անում բոլոր հայ տղաներին, որ չխուսափեն ծառայությունից եւ ապրեն այդ երկու տարիները, այն շատ բան է փոխում կյանքումդ: Շնորհավորում եմ բոլորիս այս կարեւոր տոնի կապակցությամբ, ես ցավում եմ, որ մեր բանակի հիմնադրման գործում իրենց մեծ ներդրումն ունեցող Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Մովսես Գորգիսյանը եւ այլք մեզ հետ չեն, բայց իրենց եմ առաջին հերթին շնորհավորում, նաեւ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եմ շնորհավորում, ով եւս մեծ ներդրում ունի հայկական բանակում: Շնորհավորում եմ բոլոր զինվորներին եւ զինվորականներին, թող բոլոր երիտասրադները, ովքեր պետք է գնան բանակ, հաշվի չառնեն մեր պետության ներկայիս վատ վիճակը ու առանց մի գրամ մտածելու գնան ծառայության, քանի որ նրանք մեր բոլորի հայրենիքն են պաշտպանում»:


Մեր զրուցակիցներից ամենաերիտասարդը Հայկ Պետրոսյանն է, նա ընդամենը երեք տարի է, ինչ զորացրվել է.
«2011-2013թթ-ին ծառայել եմ Կիրովականում, Փառք Աստծո, լավ ծառայություն եմ ունեցել: Ծառայությանս հետ կապված հիշողություններս միայն դրական էմոցիաներ են առաջացնում: Իհարկե, յուրաքանչյուր տղա ծառայության տարիներին դժվարություններ ունենում է, բայց, երբ վերադառնում ես, միայն լավն ես հիշում: Մինչ այսօր ծառայակից ընկերներիս հետ շատ մտերիմ ենք, նրանք իմ ամենամեծ նվաճումն են, որ ձեռք եմ բերել բանակում. Հաճախ ենք հավաքվում ու հիշում միասին անցկացրած երկու տարիները, մեկ-մեկ կատակով ասում եմ՝ էսպիսի ընկերներ ունենալու համար կարելի է մի քանի տարի էլ ծառայել: Ինձ համար բանակը նմանացված է արագացված կյանքի դպրոցի, այստեղ շատ բան ես սովորում, երկու տարի անց, երբ վերադառնում ես, հետդ բերում ես շատ մեծ փորձ, որ հետո ողջ կյանքի ընթացքում ես օգտագործելու: Ես երջանիկ եմ, որ իմ հրամանատարները Ղարաբաղի պատերազմի ժամանակ կռված իսկական հերոսներ են եղել, օրինակ Կամո Հովհաննիսյանը, ով Վանաձոր ֆիդայական ջոկատի հրամանատարն է եղել, Արայիկ Միրզախանյանը, Արամ Հովհաննիսյանը ինձ շատ բան են տվել իրենց կյանքի փորձով, ես իսկապես բախտ եմ ունեցել շփվել մեր հաղթողների հետ, դա հպարտություն է ու շնորհակալ եմ իրենց լավ վերաբերմունքի համար,- նշեց դերասան-երգիչն ու շնորհավորեց,- սա իսկական մեծ տոն է, շնորհավորում եմ բոլորիս, ամենամեծ մաղթանքը խաղաղություն կամենալն է, թող զոհեր չունենանք, Աստված տա, որ մեր տղերքի ծնողները երբեք չարտասվեն: Ուզում եմ խնդրել մեր ժողովրդին, երբ 30 վայրկայն ազատ ժամաանկ ունենան, աղոթեն մեր զինվորների համար, ես համոզված եմ, որ նրանց աղոթքները տեղ կհասնեն»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Այս թեմայով

Հայրենիքի կանչով. Շարքային Զոհրաբ Բաղդասարյան
Շարքային Զոհրաբ Բաղդասարյանը ՀՀ զինված ուժերում ծառայության է անցել 2017 թվականից: Եկել է Ռուսաստանի Դաշնությունից` հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: Զոհրաբն ընտանիքի անդամների հետ ավելի քան 8 տարի բնակվել է ՌԴ-ում, ասում է` օտար հողում ապրելը որևէ կերպ չի ազդել հայրենասիրության վրա: «Ո՛չ ընկերներս զարմացան, ո՛չ էլ ծնողներս: Ես միշտ էլ ասել էի, որ անկախ նրանից, թե որտեղ եմ ապրել` գնալու եմ և ծառայեմ Հայկական զինված ուժերում: Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ռուսաստանում էի, ամեն վայրկյան համակարգչին կպած հետևում էի, թե ինչ է կատարվում սահմանին, ինչ է կատարվում իմ երկրում: Երևի այդ ժամանակ էլ վերջնականապես հասկացա, որ այլ կերպ վարվելու իրավունք չունեմ, որ պետք է պաշտպանեմ այն հողը, որ
Հայ աստղերը կատարում են Գուսան Հայկազունի «Պիտի գնանք» երգը
Հայ երգիչների մի խումբ, որի կազմում են Միհրան Ծառուկյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Սարգիս Ավետիսյանը, Սևակ Ամրոյանը, և Գուրգեն Դաբաղյանը ավտոբուսի մեջ կատարում են Գուսան Հայկազունի «Պիտի գնանք» երգը: Նրանք ավտոբուսով շրջում են ՌԴ տարբեր շրջաններով՝ ներկայացնելով հայ երգը:
Ես խնդրեցի հրամանատարիս հանդես գալ համերգային ծրագրով մեր զորամասում. Հայկո
Զինվորական ծառայության տարիների հիշողություններից և բանակային կյանքի առանձնահատկությունների մասին մեզ հետ զրուցեց երգիչ Հայկոն. «Ինձ համար բավականին հետաքրքիր է եղել ծառայության ողջ ընթացքը: Նախևառաջ, երբ տղամարդը անցնում է ծառայության, նրա կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, բանակը դրական ազդեցություն է ունենում յուրաքանչյուր տղայի վրա: Վերջինիս կյանքն ամբողջությամբ փոխվում է, առաջանում է պատասխանատվության զգացում, չէ՞ որ վերջինս կարևոր գործ է կատարում և ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի ծառայել իր հայրենիքին: Իմ բախտն այդ հարցում է շատ էր բերել: Իմ հրամանատարը հնարավորություն էր տալիս համատեղել ծառայությունը երաժշտական կարիերայի հետ: Այսօր այդ ամենը հիշելը շատ հաճելի է: Օ
Զինվորի համար հայրենիքը հենց այն սահմանից է սկսվում, որտեղ ինքը գտնվում է. Արշակ Զաքարյան (տեսանյութ)
«Զինվորի համար հայրենիքը հենց այն սահմանից է սկսվում, որտեղ ինքը գտնվում է»:Սահմանում տիրող իրավիճակը ներկայացնում է Արշակ Զաքարյանը։
Մեր զինվորն ապացուցեց, որ կարելի է 4 հոգով 300 հոգու դեմ երկու ժամ կռիվ տալ. Արշակ Զաքարյան (Տեսանյութ)