Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Զինվորական ծառայության տարիների հիշողություններից և բանակային կյանքի առանձնահատկությունների մասին մեզ հետ զրուցեց երգիչ Հայկոն.
«Ինձ համար բավականին հետաքրքիր է եղել ծառայության ողջ ընթացքը: Նախևառաջ, երբ տղամարդը անցնում է ծառայության, նրա կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, բանակը դրական ազդեցություն է ունենում յուրաքանչյուր տղայի վրա: Վերջինիս կյանքն ամբողջությամբ փոխվում է, առաջանում է պատասխանատվության զգացում, չէ՞ որ վերջինս կարևոր գործ է կատարում և ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի ծառայել իր հայրենիքին: Իմ բախտն այդ հարցում է շատ էր բերել: Իմ հրամանատարը հնարավորություն էր տալիս համատեղել ծառայությունը երաժշտական կարիերայի հետ: Այսօր այդ ամենը հիշելը շատ հաճելի է: Օրինակ, «Ռոմանս» ալբոմը թողարկվել է հենց ծառայության ընթացքում: Կարելի է ասել՝ բանակը ևս ոգեշնչել է ինձ ստեղծագործել:
Ծառայության ընթացքում գրանցված հետաքրքիր դեպքերից Հայկոն առանձնացրեց հետևյալը.
«Հիշում եմ՝ մեզ մոտ կարանտին էր, և ես խնդրեցի հրամանատարիս հանդես գալ համերգային ծրագրով մեր զորամասում: Նա համաձայնեց: Եվ ես հրավիրեցի հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր աստղերին՝ Գրիշա Աղախանյանին, Գոգային, Քրիստինե Պեպելյանին, Վարդուհի Վարդանյանին և այլն: Բոլորն էլ եկան: Եվ հետաքրքիրն այն է, որ բոլոր իմ ընկերները, ում ես հրավիրել էի, անցնում էին իմ կողքով և չէին նկատում ինձ: Դա և՛ շատ հետաքրքիր էր, և՛ զարմանալի, և՛ շատ ծիծաղելի»:
Զրույցի ավարտին Հայկոն հղեց իր մաղթանքը.
«Ապրիլյան պատերազմից հետո մեզ բոլորիս համար բանակը մի նոր կարևորություն ստացավ: Եվ այսօր այն եթե ոչ ամենագլխավոր, ապա կարևորագույն թեմաներից է: Բոլորն էլ անհանգստանում են մեր բանակի, մեր տղաների համար: Այդ պատճառով էլ ես մաղթում եմ, որ մեր զինվորները հոգով և սրտով ուժեղ լինեն, և վստահ լինեն, որ մենք սարի պես կանգնած են իրենց թիկունքում: Ես աստծուց խնդրում եմ, որ նրանք բոլորն էլ խաղաղ պայմաններում ծառայեն և հաջողությունն ուղեկից լինի իրենց: Սա ամենակարևորն է մեզ համար: Մենք ամեն հարցով կաջակցենք մեր զինվորներին և կլինենք նրանց կողքին»: