Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Շուշիի ազատագրումը

15:39 - 12/Նոյեմբեր/2016

Ռազմական գործողություն 1992-ի մայիսի 8-9-ին, որի արդյունքում ազատագրվել է Շուշին: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում: Շուշիի ազատագրումը իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադեոսյանը (Կոմանդոս): Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գ. Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Աշխատանքները համակարգել են համապատասխանաբար Ա. Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներ О. Եսայանը, Գ. Պետրոսյանը, Ա. Ղուկասյանը, Ռ. Քոչարյանը և ուրիշներ: Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈՒ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին անմիջապես տեղեկացվում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը: Պլանըկազմվել է գաղտնիության պայմաններում՝ Ա. Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի, Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարների (Ս. Բաբայան, Ա. Կարապետյան, Ս. Օհանյան, Վ. Չիթչյան և ուրիշներ) գործուն մասնակցությամբ: Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը: Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ պատրաստվել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել են իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները: Ռազմագործողությունը ղեկավարել են Շոշից հյուսիս գտնվող № բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից: Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ ևն) հետաձգվել էր: ԻՊՈՒ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և մեկ պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման:

Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին, հետևյալ մանրամասներով.

1. Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլու գյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ:

2. Մեր խնդիրը՝

ա. Ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում.

բ. Ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում, գրավել Շուշին և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը).

գ. Հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից:

3. Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քյոսալարում, Լիսագորում, Զառսլուում, Շուշիի մատույցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով:

Հակառակորդին ջախջախելու միջոցները՝ գրավել № բարձունքը և դիրքավորվել այնտեղ: Ուժերի վերախմբավորումից հետո նույն ժամանակում սկսել հարձակումը Լիսագորի ու Զառսլուի վրա և հարձակման անցնել 4 ուղղություններով.

ա. Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Ա. Կարապետյան,

բ. «26»-ի (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Չիթչյան,

գ. Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Ս. Բաբայան,

դ. Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Ս. Օհանյան:

Պահեստազորի հրամանատար՝ Յու. Հովհաննիսյան:

Ստեփանակերտի կողմից հակառակորդին ջախջախել № բարձունքներում, դիրքավորվել Շուշիի 3 ծայրամասերում, ապա ոչնչացնել թշնամուն և ազատագրել Շուշին:

4.Մարտակարգը.

ա. Հարավային ուղղությունում գործում են 2-րդ և 3-րդ վաշտերը, Բերդաձորի, Չանախչիի, Սղնախի, Կարաբուլաղի, Տումիի, Քարինտակի, աֆղանցիների, դաշնակցականների, Քիրսի ջոկատները, ինժեներ-սակրավորների, կապավորների խումբը, դաշտային հոսպիտալը, ՀՕՊ-ը:

բ. Հյուսիսային ուղղությունում՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և հետախուզական վաշտերը, «ՄՄ-21» և «Դ-30» մարտկոցները, հատուկ «Ֆ» հետախուզական խումբը, Կոռնիձորի, Հրազդանի, Սևանի, Ստեփանավանի ջոկատները, «ԱԲ» խումբը, 1-ին գրոհային ջոկատը, սակրավորների, կապավորների, բժիշկների խմբերը: գ. Արևելյան ուղղությունում՝ 1-ին վաշտը, Շոշի, Դաշուշենի, Քռասնիի, Արարատի, «Կամուրջ», «Ա» ջոկատները, հետախուզական խումբը, դաշնակցական ջոկատը, Վ. Ստեփանյանի, Արարատի, Փոքր Հարութի դասակները, ականանետային գումարտակը, սակրավորների, կապավորների, բժիշկների խմբերը, հրամկետը, ՀՕՊ-ը: դ. Քյոսալարի ուղղությունում՝ Բադարայի, «Կումայրի», Բալլուջայի, Դաշբուլաղի, Մեհտիշենի, Խնածախի, Դահրազի, «Գ» և «Դ» ջոկատները, դիվերսիոն հետախուզական խումբը, նյութական մատակարարման վաշտը, սակրավորների, կապավորների, բժիշկների խմբերը, ՀՕՊ-ը:

5.Հրամայում եմ՝

ա. Շոշի ուղղությունում՝ հարձակումը զարգացնել ելման սահմանագծից՝ Մխիթարիշեն գյուղի մոտից՝ քաղաքի ծայրամասում կանաչներին ոչնչացնելու և այնտեղ (բանտ և հիվանդանոց) ամրանալու նպատակով:

բ. «26»-ի ուղղությունում՝ գրավել № բարձունքները և ամրանալ խաչմերուկի սահմանագծում, ապա պահեստազորի ներգրավումով՝ գրավել Շուշիի ծայրամասը:

գ. Լաչինի ուղղությունում՝ զարգացնելով հարձակումը Զառսլուի և Լիսագորի վրա՝ միաժամանակ հարվածել ուղեկալին և գրավել Շուշիի հարավարևմտյան ծայրամասը:

դ. Քյոսալարի ուղղությունում՝ հարձակումը զարգացնել երկու ուղղությամբ՝ նախ հակառակորդին շեղելու նպատակով, իսկ հարձակման հաջող զարգացման դեպքում, գրավել Կարգյավը և Ջանհասանը:

ե. Բոլոր ուղղություններում՝ պահեստային ուժեր ընդգրկել միայն առաջնահերթ խնդիրը լուծելուց հետո, իսկ անհրաժեշտաբար՝ իրադրության բարդացման դեպքում:

6. Մարտական մեքենաները գործում են հիմնական կրակային դիրքերում՝ անհրաժեշտության դեպքում փոխելով կրակային դիրքերը, հիմնականում հրետանային պատրաստությունից հետո, հարկ եղած դեպքում՝ հակառակորդի հենակետերի խորքերում:

7. Կրակային դարաններ սարքել. Ղայբալու-Բաշքենդ, Քյոսալար-Ջանհասան, Ջանհասան-Կարագյավ, Շուշի-Լաչին ճանապարհներին»:

Այնուհետև շարադրված են հրետանային և այլ ստորաբաժանումների առաջադրանքները, սահմանված է ռազմամթերքի ծախսը:

Հրամանը վավերացված է հրամանատար, գնդապետ Ա. Տեր-Թադևոսյանի և հրամանատարի տեղակալ Ռ. Գզողյանի ստորագրություններով: Ռազմական գործողությունը զարգացել է նշված 4 ուղղություններով.

«26»- ի (հյուսիսային) ուղղություն: Ստեփանակերտ-Շուշի մայրուղիով, նրա աջ ու ձախ եզրերով գրոհել են 4-րդ վաշտի (հրամանատար՝ Յու. Պողոսյան) 4 դասակները՝ Գ. Սարգսյանի, Ս. Կարապետյանի, Կ. Մարտիրոսյանի և Վ. Ղարիբյանի հրամանատարությամբ: «Երեք աշտարակների» բլրի գրոհը 20 րոպե անց պսակվել է հաջողությամբ: Սակայն, ավելի ուշ ԻՊՈՒ-ի զրահատեխնիկան խփվել, կամ տեխնիկական պատճառներով շարքից դուրս է եկել: Առավոտյան ժամը 10-ին մոտ անակնկալ խփվել է տանկերից մեկը, որոշ ժամանակ ընդհատվել են ռազմական գործողությունները, ԻՊՈՒ ստորաբաժանումները նահանջել են դեպի հարմարավետ դիրքեր: Մարտերը վերսկսվել են մայիսի 8-ի ամբողջ ցերեկը և գիշերը, մինչև ադրբեջանցի զինյալները հարկադրված լքել են դիրքերը: Ս. Թովմասյանի գլխավորությամբ Շուշիի շրջարդմիավորման պահեստների վրա շարժվել են 6-րդ վաշտի (հրամանատար՝ Կ. Ներսիսյան), իսկ աջ թևով՝ հետախուզական վաշտի (հրամանատար՝ Ս. Աբրահամյան) զինվորները: Համատեղ ուժերով հաջողվել է տիրել նպաստավոր դիրքերի, ճանապարհի վրա իշխող բլուրներին, ինչի շնորհիվ հետ են մղվել պարբերաբար օգնության շտապող հակառակորդի ուժերը, շարքից հանվել է հակառակորդի մի քանի փոխադրամիջոց, փախուստի մատնվել մայրուղու վրա մանևրող 2 տանկ: Այնուհետև հայ ազատամարտիկներն առաջացել են քաղաքի մատույցներում գտնվող բենզալցակայանի ուղղությամբ: Երաժշտական գործիքների գործարանի մոտ առգրավվել է 2 հակատանկային թնդանոթ: Ռազմավարական բարձունքներին տիրելով՝ 6-րդ և հետախուզական վաշտերը նպաստել են ընդհանուր հաղթանակին:
Շուշի (արեվելյան) ուղղություն: Բերդաքաղաքի արևելյան կողմից հակառակորդի դիմադրությունը հաղթահարելու և անառիկ բնագծերում նրա պաշտպանությունը ճեղքելու խնդիրը համեմատաբար դժվար լուծելի էր, պահանջում էր ուժերի գերագույն լարում: Հակառակորդն այս ճակատից սպասելով հարձակման՝ նախօրոք մեծ քանակությամբ կենդանի ուժ և սպառազինություն էր կենտրոնացրել այնտեղ: Մայիսի լույս 8-ի գիշերը 3 ուղղություններով սկսվել է հարվածային ուժերի առաջխաղացումը: Ձախում Շոշ գյուղի ինքնապաշտպանական ջոկատն էր՝ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ, կենտրոնում՝ 1-ին վաշտը՝ Ա. Ղուլյանի հրամանատարությամբ, որը շարժվում էր ուղիղ բանտի վրա, իսկ աջ թևում Ռ. Իսրայելյանի ընդհանուր հրամանատարությամբ գործել են հատուկ հետախուզական խումբը (հրամանատարի պաշտոնակատար՝ Գ. Օսիպով), Քռասնիի (հրամանատար՝ Վ. Բաղրյան), Քարաշենի (հրամանատար՝ Վ. Սաֆարյան) և կամավորական այլ ջոկատներ: Կատաղի մարտեր են ծավալվել ձախ թևում, որտեղ հայ մարտիկներին հաջողվել է վերահսկել իրադրությունը: Այստեղ աչքի է ընկել հատկապես Ա. Ղալյանը, որն անձնական օրինակով քաջալերել է իր զինակիցներին: Ուժերը վերախմբավորելուց և համալրելուց հետո, մայիսի 9-ին ժամը 1300-ին, հայ մարտիկները վերսկսել են գրոհը, որն ավարտվել է հաջողությամբ՝ բանտի տարածքի ազատագրումով: Շոշ գյուղից մեծ թվով բնակիչներ նույնպես մասնակցել են գրոհին՝ պատրաստ անմիջապես փոխարինելու զոհված կամ վիրավորված մարտիկներին: Նրանք օգնել են վիրավորներին, փամփուշտներ հասցրել կռվողներին:
Աջ թևի ստորաբաժանումները, հաղթահարելով հակառակորդի դիմադրությունը ֆիննական տնակների շրջանում, գրավել են անասնապահական ֆերմաների առաջին շենքը, սակայն երկրորդում, որտեղ հավաքվել էին «Երեք աշտարակների» բարձունքից փախած ադրբեջանցիներ, կատաղի դիմադրության են հանդիպել: Հայ մարտիկներից եղել են զոհեր ու վիրավորներ: Բայց, ի վերջո, հաջողվել է ոչնչացնել հակառակորդի ուժերը: Այնուհետև, ավտոբազայից անցնելով, այդ ջոկատները հարձակումը շարունակել են 4-րդ վաշտի ստորաբաժանումների հետ համատեղ:

Լաչինի (հարավային) ուղղություն: 2-րդ և 3-րդ վաշտերի (հրամանատարներ՝ Հ. Ծատրյան, Ա. Խաչատրյան), Ավետարանոց գյուղի ինքնապաշտպանական ջոկատի (հրամանատար՝ Հ. Ստեփանյան) մարտիկները, դաշնակցականների էջմիածնի դասակի (հրամանատար՝ Հ. Աբրահամյան) աջակցությամբ, հանկարծակի գրոհով տիրել են Քիրս լեռան ստորոտում գտնվող հակառակորդի ռազմակայանին՝ առգրավելով 1 ՄՄ-21 կայանք, 1 տանկ, 1 զրահամեքենա, զենք ու զինամթերք: Սզնեքի, «Քիրսի», Քարինտակի և Արտաշատի այլ կամավորական ջոկատներ, հարձակման անցնելով Նաբիլարի, Կարմիր-քարի և Տիսկած-քերծի դիրքերի ուղղությամբ, դուրս են եկել Շուշի-Լաչին մայրուղի: Այդ ճեղքումը հնարավոր է եղել 2-րդ վաշտի զրահատեխնիկայի հարվածային խմբի օգնությամբ: Ակնաղբյուրի ու Սարուշենի միացյալ (հրամանատար՝ Ա. Ղարամյան), աֆղանցիների (հրամանատար՝ Ն. Չախոյան), «Մերգելյան» (հրամանատար՝ Ա. Հարությունյան) և Բյուրեղավանի (հրամանատար՝ Վ. Ղարսոյան) ջոկատները, լայն շրջանցումով, Զառսլու գյուղի ուղղությամբ դուրս են եկել Շուշի-Լաչին ճանապարհի մատույցները:

Դաշնակցականների ջոկատները՝ Ժիրայր Սեֆիլյանի և Վ. Բալայանի հրամանատարությամբ, խնդիր ունեին բերդաձորցի մարտիկների ուղեկցությամբ շրջանցել Շուշին ու Զառսլուն և հասնել Լիսագորի ռազմավարական բարձունքին: Մարտերն արդեն ընթանում էին Շուշիի մատույցներում, սակայն շրջանցող այդ խմբերին հաջողվել է հասնել ընդամենը Զառսլուի բարձունքներին: Թեև նրանց չի հաջողվել իրագործել առաջադրված խնդիրը, սակայն Լաչին-Շուշի ճանապարհի մերձակա բարձունքներին նրանց հայտնվելը կատարյալ է դարձրել փախչող հակառակորդի խուճապը: Այղպիսով, հարավային (Լաչինի) ուղղությամբ ծավալված մարտերի արդյունքում հաջողվել է շեղել հակառակորդի ուշադրությունը գլխավոր՝ Շուշիի ճակատից, հակառակորդի նահանջի ճանապարհը փակելու սպառնալիքով բազմապատկել նրա խուճապը, զրկել ադրբեջանական հրամանատարությանը Զառսլուում ուժերի վերախմբավորում կատարելու և հակահարձակման անցնելու հնարավորությունից:
Ջանհասան-Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություն: Այս ուղղությամբ հայկական ուժերը հետապնդել են 2 նպատակ՝ կանխել և ստեղծել խուճապային դրություն, շեղել հակառակորդի ուշադրությունը, ապահովել Շուշիի վրա հյուսիսից հարձակվող ուժերի թիկունքը: Եվ քանի որ այդ ուղղությամբ կենտրոնացված էին հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ ու սպառազինություն, իսկ տեղանքը բավական բարդ էր, ուստի հարկ է եղել այնտեղ տեղաբաշխել մարտունակ ու շարժուն ստորաբաժանումներ: Նրանք նախատեսված էին նաև, հարկ եղած դեպքում, արագ հետ քաշվելու և Շուշիի ուղղությամբ օգնության հասնելու համար: Այգեստանի վաշտի 3 դասակներին, «Կումայրի» և «Արամո» ջոկատներին, շտաբի դիվերսիոն-հետախուզական խմբին, Մեհտիշենի ջոկատին (հրամանատար՝ Ս. Հակոբյան)՝ Ս. Օհանյանի ընդհանուր հրամանատարությամբ, հաջողվել է մտնել թշնամու դասավորության խորքերը, գրավել 1 ականանետային, 1 ՀՄՄ-21 և 3 հրանոթային կրակադիրքեր, վերահսկողության տակ առնել Ջանհասան գյուղը, դեպի Քյոսալար ու Կարագյավ տանող ճանապարհները: Հակառակորդը կանխազգալով պարտության վտանգը՝ Շուշիից զգալի քանակությամբ ուժեր է հանել ու նետել Ջանհասանի ճակատ՝ թուլացնելով Շուշիի պաշտպանությունը: Միաժամանակ համալրելով ու վերախմբավորելով ուժերը՝ զրահատեխնիկայի աջակցությամբ անցել է հակահարձակման. զոհեր են եղել «Կումայրի» ջոկատից: «26-ի դիրքերում»և շրջակայքում տեղակայված 7-րդ, 8-րդ, 9-րդ վաշտերը և այլ ստորաբաժանումներ (Յու. Հովհաննիսյանի ընդհանուր հրամանատարությամբ) այդ ընթացքում հուսալիորեն փակել են ճանապարհը, որ Ջանհասանից Շուշի օգնական ուժեր չուղարկվեն: Երբ ԻՊՈՒ ստորաբաժանումները հասել են Շուշիի մատույցներին, ստացվել է նահանջի հրաման: Կազմակերպված նահանջի ու համառ դիմադրության շնորհիվ հակառակորդի մեծաթիվ ուժերը գամված են մնացել հյուսիսարևմտյան ճակատում, ինչը վճռորոշ նշանակություն է ունեցել Շուշիի ազատագրման համար: ԻՊՈՒ հրամանատարությանն այդպիսով հաջողվել է մոլորեցնել ադրբեջանցիներին՝ ստիպելով գլխավոր հարվածի ուղղությունից դուրս բերել զգալի թվով ուժեր ու միջոցներ: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից:
Մայիսի 8-ին թշնամին ընդամենը տարերային դիմադրություն է ցույց տվել: Կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը: Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր. դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել: Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի «մաքրման» գործողությունը և մայիսի 9-ին ավարտվել հինավուրց հայկական բերդաքաղաքի ազատագրումը թշնամուց:

Շուշիի ազատագրման անհրաժեշտությունը և նախադրյալները:
Շուշիի ազատագրման պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին: Դրանով Արցախյան շարժումը թևակոխել է որակական նոր փուլ՝ վճռական բեկում է մտցվել պատերազմում, և ԼՂՀ անկախությունը դարձել է ավելի քան իրական: Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր. ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը: Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող № 1 կրակակետի: 1991-ի նոյեմբերից մինչև 1992-ի մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հզ.՝ «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն: 1991-ի վերջի և 1992-ի սկզբի ռազմական հաջողությունները Տողում, Մարտունիի Խոջավենդ արվարձանում, Ասկերանի Լեսնոյ, Շահումյանի էրքեջ, Մանաշիդ և Բուզլուխ, Հադրութի Սարինշեն, Սալաքյաթին և այլ բնակավայրերում, այնուհետև Ստեփանակերտի մերձակայքում գտնվող Ջամիլլուի (15.12.91), Կրկժանի (20.1.92), Մալիբեկլուի և Ղուշչուլարի (9-11.2.92) կրակակետերի ճնշումը, Խոջալուի ազա-տագրումն (25-26.2.92) ու օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրմանը նախապատրաստելու համար:Այս առումով առանձնահատուկ նշանակություն է ունեցել Քափստակի ինքնապաշտպանությունը 1992-ի հունվարի 25-26-ին, երբ փոքրաթիվ հայ մարտիկներին հաջողվել է հետ մղել թշնամու բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների:
Անհաջողությունների իրար հաջորդող շղթայում հավասարակշռությունը կորցրած թշնամին անցել է անկազմակերպ հարձակումների՝ թույլ տալով մարտավարական կոպիտ սխալներ: Շուշիից և Ջանհասանից, հրետանու և զրահատեխնիկայի աջակցությամբ, ապրիլի 29-ին թշնամին գրոհել է Ստեփանակերտի հարավարևմտյան դիրքերը, որոնք հայտնի էին «26-ի դիրքեր» ընդհանուր անվամբ: Հայ մարտիկները հաջողությամբ հետ են մղել այդ հարձակումները, որոնք, ըստ էության, Ստեփանակերտի վրա թշնամու վերջին հետևակային հարձակումներն էին: Շարունակվել են Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի անխնա հրթիռահրետակոծությունները: Մոտ 1 շաբաթվա ընթացքում արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչներ: Մանևրելու նպատակով թշնամին ռազմական գործողությունները տեղափոխել է ԼՂՀ սահմանամերձ գոտի, Շուշիից դուրս է բերել ամբողջ խաղաղ բնակչությանը, բայց շարունակել է համալրել սպառազինությունը: 1992-ի ապրիլի 27-ի դրությամբ՝ Շուշիում կենտրոնացվել էր 11 տանկ, 9 ՀՄՄ, 12 զրահամեքենա, 100 մմ-անոց 3 թնդանոթ, ՄՄ-21 հրթիռա-հրետանային 2 կայանք, «ՈՒԱԶ»-ների վրա խարսխված 3 ԿՊՎԴ խոշոր տրամաչափի գնդացիր, մոտ 1500 զինվոր: Իսկ մայիսի 6-ին Լաչինից Շուշի են բերվել լրացուցիչ 15 մեքենա ռազմական նշանակության բեռ, 4 ՀՄՄ, 4 ԶՓ: Ադրբեջանական լրատվամիջոցները լուր են տարածել, թե իբր, հայկական կողմն օգտագործել է քիմիական զենք և իրենք ձեռնարկում են «պատասխան ստիպողական գործողություններ»: Շուշիի ազատագրման նախապատրաստման շրջանակներում հայկական կողմը ձեռնարկել է նաև միջազգային հանրությանը դրան նախապատրաստելու դիվանագիտական աշխատանք: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԽ-ին և մի շարք երկրների ղեկավարներին հասցեագրված ԼՂՀ ԳԽ փետրվարի 19-ի դիմումով նրանց ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վրա՝ մասնավորապես հիշատակելով Մարաղայի եղեռնաqործությունը: Մայիսի 1-ին ԼՂՀ ԳԽ նախագահությունը կրկին դիմել է միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ Ղարաբաղի ժողովուրդը սովահար է, զրկված ջրամատակարարումից, էլեկտրականությունից, դեղորայքից... Ուստի Շուշիի ազատագորմը Ստեփանակերտի և ԼՂՀ ողջ բնակչության անվտանգության շահերից բխող պարտադրված անհրաժեշտություն էր: 1992-ի մարտ-ապրիլին, ի պատասխան այդ դիմումի, մի շարք երկրների ներկայացուցիչներ, պետական ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ս. Վենսը և ԵԱՀԽ լիազոր պատասխանատու Յա. Կուբիչը, Իրանի ԱԳ փոխնախարար Մ. Վայեզին, ՌԴ ԱՕ- նախարար Ա. Կոզիրևը, ժամանել են տարածաշրջան: Սկսվել է նաև բանակցային գործընթաց. Իրանի մայրաքաղաք Թեհրանում մայիսի 6-ին հանդիպել են ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, ԻԻՀ նախագահ Հ. Ռաֆսանջյանին և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յա. Մամեդովը:
Շուշիի ազատագրման ռազմագործողության արդյունքները և պատմական նշանակությունը: Շուշիի ռազմական գործողության փայլուն ավարտը, մանավանդ կորուստների և տևողության նվազագույն չափը, որ հարուցել է ռազմարվեստի մասնագետների հիացումը, առաջին հերթին հայ մարտիկների խիզախության, գրոհի լավ կազմակերպման արդյունքն էր: Մայիսի 8-ի երեկոյան Վազգեն Սարգսյանը հայտարարել է. «Այն, ինչ կատարվում է Արցախում, հրաշք է...», իսկ հաղթանակի տարելիցին ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի հրամանագրում նշված է. «ԼՂՀ ԻՊՈՒ շտաբի հսկայական աշխատանքի ու մանրակրկիտ նախապատրաստության, հմուտ ղեկավարության, բոլոր աստիճանների հրամանատարների հնարամտության ու փոխհամագործակցության, հայ ազատամարտիկների վճռական գործողությունների շնորհիվ հաջողվեց երկու օրում կոտրել հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմավարական առումով կարևոր Շուշի քաղաքը»:
Շուշիի ազատագրումով վնասազերծվել են Ստեփանակերտի շրջակա բոլոր թշնամական կրակակետերն ու ռազմական հենակետերը: Հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան նշանակալի կորուստներ են կրել: Այդ ռազմագործողության մշակումն ու իրագործումն ապացուցել են հայ ժողովրդի ռազմական մտքի մշտարթուն կենսունակությունը և դարձել ԻՊՈՒ-ի մարտական լուրջ մկրտությունը: Շուշիի ազատագրմանը հաջորդել է Լաչինի միջանցքի բացման ռազմագործողությունը, որով ճեղքվել է ԼՂՀ շրջափակման օղակը, և ժողովրդի արհեստականորեն մասնատված երկու մասերը գործնականորեն վերամիավորվել են, բացվել է ԼՂՀ ՀՀ-ին միացնող կյանքի ճանապարհը: Լիակատար ու ամբողջական է դարձել ԼՂՀ անկախությունը: Շուշիի ազատագրումով վերջնականապես ամրապնդվել է թվաքանակով ու միջոցներով գերակշռող թշնամուն սեփական ուժերով հաղթելու հավատը: Այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ պատերազմի ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պարտվածի բարդույթը:

Այս հաղթանակն ունեցել է նաև համահայկական խոշոր նշանակություն. ալեկոծել է հողագնդով մեկ ցրված ողջ հայությանը, առիթ տվել խորհելու ազգային շահերի միասնականության ու ընդհանրության մասին, վերադարձրել կամքի ազատ արտահայտման ու ինքնորոշման իր անկապտելի իրավունքները պաշտպանելու հնարավորության հավատը: Շուշիի հաղթանակը համաշխարհային հասարակայնության համար նույնպես բացահայտել է արցախյան հիմնահարցի նպատակների ու խնդիրների ողջ լրջությունը: Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ. թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: Շուշիի ազատագրման պատմական կարևորությունից ու Ղարաբաղյան պատերազմում ունեցած շրջադարձային նշանակությունից ելնելով՝ ԼՂՀ Աժ-ն 1994-ին սահմանել է « Շուշիի ազատագրման համար » մեդալ: ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված է Շուշիի ազատագրման և հաղթանակի օր:


Հարությունյան Մ.

 

 

Այս թեմայով

Արցախյան ազատամարտ
Արցախի հայությունը 1988 թ. ազգային ինքնորոշման ազատագրական շարժում սկսեց, նպատակ ունենալով ուղղելու բոլշևիկյան Լենին-Ստալինյան բռնատիրության կատարած պատմական սխալը և պատմականորեն հայկական Արցախ երկրամասը վերադարձնել Հայաստանի կազմի մեջ։ Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը ուժ կիրառեց Արցախի հայության դեմ, ինչպես նաև արյունոտ սպանդի, թալանի ու տեղահանության ենթարկվեց Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքների և այլ բնակավայրերի խաղաղ հայ բնակչությունը։ Սակայն ազերիների հայատյաց քաղաքականությունն ու զանգվածային բռնությունները, Լեռնային Ղարաբաղի տարածքում և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց Ադրբեջանը նե
Աղդամի ազատագրումը. «Հետախույզի օրագիրը»
Շուշիի ազատագրման և Մահապարտների ջոկատի մասին. «Հետախույզի օրագիրը»
«Հայ զինվորները հերոսներ են». պատմում է Հադրութից վերադարձած Մրազ Կալոյանը
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները, եզդի երկրապահներն այսօր վստահեցրին, որ եզդիական համայնքը կանգնած է հայ ազգի կողքին և պատրաստ է մինչև վերջ կռվելու թշնամու դեմ: «Հայաստանի իշխանությունները, հայ ժողովուրդը միշտ լավ են վերաբերվել եզդիներին: Հայաստանն այն երկրներից է, որ եզդիներին օրինական կարգով համարում է ազգային փոքրամասնություն, ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները սեփական մշակույթը, ավանդույթները պահպանելու, զարգացնելու համար: Հայերն ու եզդիները եղբայրական ժողովուրդ են, ինչպե՞ս կարող ենք մենք դա մոռանալ: Մենք պատրաստ ենք լինել եղբայր հայերի կողքին, պայքարել թշնամու դեմ»,¬- այսօր «Արմենպրես» ակումբում ասաց Աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը: Ա
8 հոգով` 7 կիլոմետր՝ Լաչինի ազատագրում. «Հետախույզի օրագիրը»