Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Արցախի հայությունը 1988 թ. ազգային ինքնորոշման ազատագրական շարժում սկսեց, նպատակ ունենալով ուղղելու բոլշևիկյան Լենին-Ստալինյան բռնատիրության կատարած պատմական սխալը և պատմականորեն հայկական Արցախ երկրամասը վերադարձնել Հայաստանի կազմի մեջ։ Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը ուժ կիրառեց Արցախի հայության դեմ, ինչպես նաև արյունոտ սպանդի, թալանի ու տեղահանության ենթարկվեց Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքների և այլ բնակավայրերի խաղաղ հայ բնակչությունը։ Սակայն ազերիների հայատյաց քաղաքականությունն ու զանգվածային բռնությունները, Լեռնային Ղարաբաղի տարածքում և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց Ադրբեջանը ներգրավում էր նաև աֆղան մոջահեդներին, չեչեն վահաբականների ահաբեկչական խմբերի, չկարողացան ճնշել հայերի ազատ ապրելու կամքը։ Հայերը զենք վերցրին ու պայքարի ելան ագրեսորի դեմ` հանուն իրենց ազատության ու անվտանգ ապագայի։
1991 թ. սեպտեմբեր 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իրեն անկախ հանրապետություն։ Ազատագրական պայքարի արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` պատմական Արցախը ազատագրվեց։ Հայերը ստիպեցին թշնամուն 1994 թ. զինադադար աղերսել։ Կրակի դադարեցման մասին փաստաթուղթը ստորագրվեց 1994 թ. մայիսի 12-ին,Բիշկեքում, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Չնայած հրադադարի ռեժիմին` ադրբեջանական զինված ուժերը մինչ օրս էլ պարբերաբար խախտում են այն։ Հայկական ուժերը որոշ դեպքերում ստիպված են լինում պատասխան կրակով լռեցնել ադրբեջանական կրակակետերը։ Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային տարբեր ատյաններում փորձում է հակամարտության էությունը լիովին նենգափոխել, աղավաղելով պատմական ու քաղաքական իրողությունները, իրեն որպես զոհ, իսկ Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնելով։ Սակայն ցինիզմի, ստի ու կեղծիքի քաղաքականությունը, որով այդ երկիրը փորձում է կերակրել միջազգային հանրությանը, ինչպես նաև Հայաստանին ուղղվող ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները դատապարտված են անհաջողության։ Բոլորի համար էլ ակնհայտ է պատմական ճշմարտությունը, իսկ հայկական զինված ուժերը համարվում են տարածաշրջանում ամենակազմակերպվածն ու ամենամարտունակը։ Լեռնային Ղարաբաղը առայժմ միջազգայնորեն չճանաչված անկախ պետություն է` միջազգային իրավունքի սուբյեկտ համարվելու համար անհրաժեշտ բոլոր ինստիտուտներով և ժողովրդավարական արժեքներ դավանող երկրի ակնհայտ ապացույցներով։ Արցախի Հանրապետությունը ճանաչել են ԱՄՆ-ի Լուիզիանա, Ռոդ Այլենդ, Մասսաչուսեթս, Մեն նահանգները, Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի քաղաքային խորհուրդը և այլն։