Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Հարցազրույց՝ ազատամարտիկ, «Անահիտ» ջակատի հրամանատար Անահիտ մարտիրոսյանի հետ:
-Տիկի՛ն Մարտիրոսյան, մայիս ամիսն առանձնահատուկ նշանակությունի հայ ժողովրդի համար, քան որ այս ժամանակահատվածում մեկտեղվել են մեր պատմության ամենավառ ու կարևոր իրադարձություններից մի քանիսը, որոնցից է Շուշիի ազատագրումը: Տարիներ անց այս օրը դեռ նու՞յնն են զգացողությունները:
-Տարիներ անց էլ զգացողությունները նույնն են: Այսօր էլ ես ինձ զգում եմ այն 25 տարեկան աղջնակի պես, երբ գնացի ռազմաճակատ: Հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին էլ վերապրեցի նույն պահերը, ասես մտովի տեղափոխվեցի Արցախյան ազատամարտի տարիներ: Տարօրինակ է երևի, բայց կարոտում եմ շատ այդ դժվարին օրերը, մարտական ընկերներիս: Իհարկե, պատերազմական իրավիճակ էր, շատ դժվարին օրեր ենք ունեցել, սակայն շատ մեծ համախմբվածություն ու միասնականություն կար բոլորիս մեջ:
-Երբ ընդունեցիք Արցախյան ազատամարտին մասնակցելու որոշումը, ռազմական ոլորտի հետ որևէ առնչություն կամ փորձառություն չունեիք, սակայն որոշ ժամանակ անց նման երիտասարդ տարիքում արդեն ունեիք Ձեր ջոկատը, առաջնորդում էիք 28 տղամարդու մարտի դաշտում: Սա գենետիկ հիշողությու՞ն էր, իրավիճակի՞ թելադրանքը, թե՞ ճակատագրի հարվածներից ծնված ուժը:
-Իրականում շատ դժվարությամբ եմ ընդունել այդ որոշումը, երբ եղավ նման առաջարկ: Ի սկզբանե որպես բուժքույր էի այնտեղ, հետո արդեն, երբ որոշում կայացվեց կազմել ջոկատ, երկար ժամանակ հրաժարվում էի, սակայն, ի վերջո, համաձայնեցի: Դա շատ մեծ պատասխանատվություն է ոչ միայն ինքդ քո, այլև զինակիցներիդ կյանքի, նրանց գործողությունների և ջոկատի ներսում ընդհանուր տրամադրության համար: Կարծում եմ՝ հրամանատարի գործը հավասարապես դժվար է և՛ տղամարդու, և՛ կնոջ համար: Քչերը երևի գիտեն, որ 28-ից 14-ը ռուսներ էին՝ սուրբ խաչի նվիրյալներ, իսկ մյուսները իմ հայ մարտական ընկերները, և բոլորն էլ իմ պատասխանատվության տակ: Ընդ որում, մեզ մոտ մի հետաքրքիր սովորություն կար, բոլոր գերիներին բերում և ծնկի էին իջեցնում իմ առաջ, և ևս բոլոր նրանց ասում էի, որ այդպիսով ծնկի են գալիս բոլոր հայ կանանց ու մայրերի առաջ:
Ինչ վերաբերում է այդ ուժին, մի բան կարող եմ ասել՝ հայ ժողովուրդը քնած վիշապի նման է, եթե նրան արթնացնեն, ապա ոչ մի թշնամի կամ հակառակորդ չի կարող կանգնել նրա ճանապարհին: Դրանում է հենց մեր բոլորի ուժը, մեր հզորությունը:
-Պատերազմն ինքնին չարիք է, սակայն երբ այն պարտադրված է, այլընտրանք չկա, քան վերցնել զենքն ու պաշտպանվել: Այս ճմշարտությունը վերահաստատվեց նախորդ տարի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Կարծում եք՝ մեր հարևանն այսքան տարի հետո կրկին համոզվե՞ց, որ գործ ունի խաղաղասեր, սակայն ոտնձգություններ չհանդուրժող ժողովրդի հետ:
-Այսօրվա հայն էլ առաջվանը չէ, մենք չենք հանդուրժի նոր 1915թ., նոր եղեռն: Հակառակորդը նորից համոզվեց դրանում: Մենք առաջվա պես պատրաստ ենք դուրս գալ և պաշտպանել մեր հայրենիքը, այն ինչ եղավ հարյուր տարի առաջ, նորից կրկնվել չի կարող: Ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ այսօր, ոչինչ էլ չի փոխվել, մենք անհրաժեշտության դեպքում կրկին դուրս ենք գալու և մարտնչենք թշնամու դեմ: Ապրիլյան քառօրյայի օրերին Կոմանդոսի ղեկավարությամբ մեր բոլոր զինակից ընկերների հետ կրկին հավաքվեցինք և մեկնեցինք ռազմաճակատ, այսօր էլ մեր գործը շարունակում ենք և կանգնած են մեր զինվորների կողքին:
-Կարո՞ղ ենք համեմատության եզրեր անցկացնել 90-ականների և այսօրվա զինվորների միջև:
Ամբողջությամբ նույնն է, ոչինչ էլ չի փոխվել, նույն հզորությունը, նույն ոգին: Ամեն անգամ դիրքեր բարձրանալիս, երբ հանդիպում ենք մեր զինվորների հետ, այդ 18 կամ 20-ամյա պատանիները մի առանձնահատուկ հպարտությամբ, ոգևորվածությամբ և ինքնավստահությամբ ասում են՝ ձեր արյան գնով պահած հողից մի թիզ չենք տալու, ոչինչ չեք զիջելու, հանգի՛ստ եղեք, պաշտպանելու ենք նույնիսկ մեր կյանքի գնով: Եվ ընդհանրապես, սերնդի խնդիր էլ չկա, դա ընդամենը տեսակ է, մեկը կարող է ծառայել, մյուսը՝ ոչ: Ես միայն կարող եմ ասել, որ խոնարհվում եմ մեր զինվորների առջև և անսահման հպարտանում նրանցով:
-Ի՞նչ կմաղթեք մեր բանակին, մեր զինվորին և ամբողջ հայ ժողովրդին մայիսյան տոների կապակցությամբ:
Կեցցե՛ հայոց բանակը, կեցցե՛ հայ զինվորը, մաղթում եմ մեր ժողովրդին խաղաղություն, որպեսզի չլինեն դավաճաններ, չլինեն փոձություններ: Հաջորդ անգամ տոնենք մեր հողերի ազատագրումը, դրանք մերն են,մեր պապական սեփականությունը, հողն անգամ կանչում է իր մոտ: Այն չեն տալիս կամ վերցնում, այն նվաճում են և ազատագրում: Թշնամին խաբեբայաբար զավթել է մեր հողերը, սակայն վաղ թե ուշ ազատագրելու ենք մեր պատմական հայրենիքը: