Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Անունս Մարիամիկ է: Ես 8 տարեկան եմ:
Այսօր հայրիկս ինձ ցույց էր տալիս իր բանակային նկարները և բացատրում, թե ինչ է բանակը: Ես հասկացա, որ բանակը շա՜տ կարևոր է մեզ համար, որովհետև մենք երկու կողմից շրջապատված ենք թշնամիներով: Եթե չլինի մեր բանակը, թշնամիները կգրավեն Հայաստանը և մենք ստիպված կգնանք Հայաստանից: Իսկ ես չեմ ուզում գնալ, որովհետև Հայաստանը շա՜տ եմ սիրում: Դրա համար էլ ես ուզում եմ, որ այս նամակը կարդա հայ զինվորը և թույլ չտա, որ թշնամին գա Հայաստան: Ես ուզում եմ, որ հայ զինվորը միշտ ուժեղ լինի և երբեք չվախենա թշնամուց: Հայրիկս ասում է, որ այդպես էլ կլինի, եթե ես և Հայաստանի բոլոր փոքրիկները մեր զինվորների համար աղոթենք, որովհետև Աստված պապիկը փոքրիկներին շատ է սիրում և անպայման կկատարի մեր խնդրանքը: Իսկ ես հայրիկիս ասացի, որ կաղոթեմ նաև թշնամու զինվորի համար, որովհետև չեմ ուզում, որ պատերազմ լինի: Հայրիկս ժպտաց և գրկեց ինձ: Ես գիտեմ, որ Աստված պապիկն ամենակարող է և վստահ եմ, որ կօգնի և կպաշտպանի աշխարհի բոլոր զինվորներին:Ես իմ ընկերուհիներին և դասընկերներին էլ կասեմ, որ ձեզ համար աղոթեն և ամեն ինչ լավ կլինի:Շնորհակալ եմ ձեզ այսօրվա Անկախության համար և գիտեմ, որ ձեր շնորհիվ իմ հայրենիք հավերժ կհարատևի անկախ։