Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Բարև՛, սիրելի՛, հարազա՛տ զինվոր: Այս նամակով ես ցանկանում եմ իմ անսահման շնորհակալությունը հայտնել քեզ: Երբ ես գնում եմ դասի կամ զբոսնելու, վստահ եմ, որ դու մշտարթուն կանգնած հսկում ես սահմանը, և իմ մեջ անհետանում են վախն ու անվստահությունը: Յուրաքանչյուր քայլ անելիս ես գիտեմ, որ դու պաշտպանում ես ինձ հետ քայլող բոլոր-բոլորին:
Թանկագի՛ն ընկեր, կարծում եմ թույլ կտաս, որ այսուհետև քեզ եղբայր կոչեմ, որովհետև դու արժանի ես, որ հայի երկրում ապրող ամեն հայ քեզ իր որդի, եղբայր անվանի: Եթե թշնամին փորձի քայլ անել սահման հատելու, դու քո քաջությամբ, անձնազոհությամբ ոտքի կկանգնես:
Սիրելի՛ եղբայր, այնքան հպարտ եմ, որ հայուհի եմ և քեզ կարող եմ եղբայր անվանել: Ուզում եմ ասել, որ աղոթելով քո կյանքի համար ամեն անգամ՝ ես խնդրում եմ Աստծուն, որ քեզ հետ լինի, և դու կատարես քո սրբազան պարտքը ու ողջ և առողջ տուն վերադառնաս, որպեսզի ծնողներդ մեծ հպարտությամբ գրկեն քաջորդուն և ուրախանան իրենց զավակով: Իմ թանկագին, հարազա՛տ եղբայր, ես սրտանց ուրախ եմ քեզ հետ ծանոթանալու համար ու ցանկանում եմ, որ Հայաստանը միշտ ազատ լինի, և այլևս ոչ մի հայորդու արյուն չթափվի: Քեզ ցանկանում եմ քաջ առողջություն և հաջողություն քո ամբողջ կյանքում: