Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Ապրիլյան պատերազմի հերոս, կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանն այսօր՝ փետրվարի 17-ին կդառնար 21 տարեկան:
Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Նարինյանը Արցախի Մարտունի քաղաքից էր: Տան ամենափոքրն էր, բարին ու ամենահոգատարը: Կրտսեր սերժանտը սովորում էր Արցախի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Պատմությունը Վլադիմիրի տարերքն էր. որոշել էր ծառայությունից հետո ուսումը շարունակել:
Այսօր Մարտունու թիվ 1 դպրոցում տեղի կունենա կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսի 21-ամյակին նվիրված միջոցառում: Հիշեցնենք,որ Վլադիմիրը 2016թ-ի ապրիլի 4-ին մարտական դիրքի մատույցներում ընթացող մարտերի ժամանակ ցուցաբերելով խիզախություն` ոչնչացրել է թշնամու մեծաթիվ զինծառայողների, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը դեպի պաշտպանության խորքը: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:
Նշենք, որ 2015 թ-ին հոկտեմբերի 19-ին amda.am-ում հրապարակված «Ողջ-առողջ իջնեք դիրքերից» հոդվածի լրագրողն այցելելով մարտական հենակետերից մեկը խոսել է դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանի հետ:
Մեջբերում ենք այդ հոդվածից մեկ հատված.
«-Ո՞րն է քեզ համար հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջը, ո՞վ է քո հերոսը:
-Արցախյան հերոսամարտը, Մոնթե Մելքոնյանը…
-Ո՞ր էջը կցանկանայիր ջնջել մեր պատմությունից:
-Մոնթեի մահը… Ես կուզեի, որ նա ողջ լիներ,- ասաց Վլադիմիրը ու նայելով Մոնթե Մելքոնյանի նկարին՝ ասաց,- իմ հերոսը նա է…
-Դուք էլ մեր հերոսներն եք… Մոնթեն ասում էր՝ իմ կենացը մի խմեք, իմ գործը շարունակեք, իսկ դուք այսօր շարունակում եք նրա գործը, շարունակում եք պաշտպանել Արցախը, շարունակում եք սանձել ու հաղթել հակառակորդին…
-Մոնթեն մեծ հրամանատար էր, մեծ առաջնորդ, մեծ մարդ, իսկ մենք շարքային զինվորներ ենք:Մենք մեր պարտքն ենք կատարում… ընդամենը,- ժպտալով ասաց դիրքի ավագ Վլադիմիր Նարինյանը»: