Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Փետրվարի 23-ին ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանը կդառնար 21 տարեկան: Արդեն 10 ամիս է անցել քառօրյա պատերազմից՝ այն օրերից, երբ Աղասին արյան գնով զինակիցների հետ պաշտպանում էր մարտական դիրքը:
Աղասի Ասատրյանը զոհվել է Թալիշում: Նրանց դիրքն առաջիններից էր, որ գրոհի ենթարկվեց հակառակորդի կողմից: Մարտական դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը հակառակորդի գրոհի անցնելուց հմտորեն ղեկավարել է մարտը` իր և դիրքի անձնակազմի ցուցաբերած խիզախության շնորհիվ կասեցրել թշնամու գրոհը` վերջինիս պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստ: Նահանջած հակառակորդը ավելի մեծաքանակ ուժերով մարտը վերսկսել է երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում: Դիրքի անձնակազմը ցուցաբերով աննկուն կամք ու մարտական ոգի, քայլ անգամ չի նահանջել, հրամանատարի գլխավորությամբ մարտնչել է մինչև վերջին փամփուշտը, արիաբար զոհվել՝ ոչնչացնելով թշնամու բազմաթիվ գրոհայինների: Անհավասար մարտում զոհվել են Մերուժան Ստեփանյանը, Ռաֆիկ Հակոբյանը,Վիկտոր Յուզիխովիչն ու Աղասի Ասատրյանը։
Աղասի Ասատրյանը ծնվել է 1996 թվականին, Մասիս քաղաքում: 2012 թ-ին ավարտել է դպրոցը, որից հետո ընդունվել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ: 2014 թ-ին զորակոչվել է Հայոց Բանակ և ծառայության անցել Արցախում` Թալիշում: Ծառայել է որպես հետախույզ-դիպուկահար՝ ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի դասակում:
«Աղասին բարի էր, ընկերասեր, նվիրված ու շատ հավասարակշռված: Աշխույժ, ուրախ տղա էր, շատ էր սիրում կյանքը…»,- իր հարցազրույցներից մեկում ասել է մերօրյա հերոսի մայրը՝ Նարինե Ասատրյանը:
Մասիսի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է քառօրյա պատերազմի հերոսի՝ Աղասի Ասատրյանի անունով, բացի այդ, Մասիս քաղաքում մի փողոց կրում է նրա անունը:
Մերօրյա hերոսը հետմահու պարգևատրվել է՝ ՀՀ Նախագահի կողմից «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ԼՂՀ Նախագահի կողմից «Արիության համար» մեդալներով: