Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
- «Հրով լեցուն հրադադար»՝ այսպես եք անվանել «Ապրելու բանաձև» մատենաշարի 10-րդ հատորը: Կարելի՞ է ասել, որ ապրիլյան քառօրյան մարտահրավեր էր, որը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ պատերազմը դեռևս ավարտված չէ, իսկ հրադադարը բավականին փխրուն է:
- Միանշանակ, մենք երևի 1994թ. զինադադարի պայմանագիրը կնքելուց հետո մի շատ կարճ ժամանակ վայելեցինք այդ խաղաղության զգացողությունը, սակայն այդ հրադադար կոչվածը միշտ էլ հրով լեզուն է եղել, և, բարեբախտաբար, բավականին տևական եղավ այդ ժամանակը՝ մինչև իրական պատերազմի վերաճելը, բայց այն, որ քառօրյան իրական պատերազմ էր, ես բնավ կասկած չունեմ և կասկած չունեմ, որ հենց այդ պատերազմն ապացուցեց՝ որքան ուսանելի էր եղել արցախյան ազատամարտի հերոսների կերտած սխրանքի պատմությունը հաջորդ սերնդի համար: Սա այնքան որոշակի և այնքան շոշափելի է հատկապես ինձ համար, որովհետև ես հաճախ եմ շփումներ ունենում և՛ դպրոցում, և՛ համալսարաններում, լրագրողների, շատ-շատերի հետ. բոլորը շեշտում են հենց այն հանգամանքը, որ հաճույքով են լսում հաղորդումները և, զարմանալիորեն, ոչ միայն երիտասարդները, երեխաները, այլև ծերերը: Ինձ այնքան շատ են զանգահարում և ասում՝ ոչ միայն մենք ենք լսում և ոգևորվում, այդ ի զեն պայքարը ոչ միայն մեզ է ոգեկոչում, այլ նաև մենք նույնը փոխանցում ենք մեր թոռներին ու մեր զավակներին: Սա արդեն, կարծում եմ, բավականին լավ արձագանք և լավ իրավիճակ է հայ հասարակության համար, քանի որ մենք անվերջ ունենք ի զեն պայքարի առիթ:
- Մատենաշարի վերջին հատորը կազմելիս ի՞նչ նոր բացահայտումներ արեցիք մեր նոր սերնդի մասին: Մինչ այս կարծիքներ էին հնչում, որ այն, ինչ հնարավոր եղավ անել 90-ականներին, այն համախմբվածությունը, որը կար դարասկզբին, այսօր արդեն նույնը լինել չի կարող:
- Նույն այդ հարցն ինձ ամենուր տալիս էին նաև մինչ քառօրյա պատերազմը: Այդ հարցը միշտ հնչել է, և իմ պատասխանը միշտ նույնն է եղել՝ Աստված մի արասցե, եթե կրկնվի, կտեսնեք՝ այս սերունդը ևս դուրս է գալու պայքարի: Սա և՛ դաստիարակություն է, և՛ հայի տեսակ է. որքան էլ ճնշեն, այս ազգը ադամանդի պես կուռ է: Այս աստվածակերտ ազգն իրավունք չունի ոչնչանալու, և ինչ դարաշրջան էլ լինի, ինչ սերունդ էլ լինի, մենք ապրել ենք ու ապրելու ենք:
- Հերոսներ, ի վերջո, ծնվու՞մ են, թե՞ դառնում:
- Գիտե՞ք՝ տեսակը շատ կարևոր է: Երբ ես գրում էի իմ որդու մասին, ես սկսեցի վերհիշել ծնված օրվանից մինչ այն օրը, երբ նա մեկնեց ռազմաճակատ: Ես հասկացա, որ գոնե իմ որդին այդպիսին էր, որովհետև նա իր ամբողջ կյանքն ապրեց ինքնայրումով: Բայց արդյո՞ք բոլորն են այդպիսին: Լինում է այնպիսի իրավիճակ, երբ դու պարտավոր ես հերոսանալ: Քառօրյա պատերազմում եղան նման դեպքեր: Օրինակ Մոնումենտի Կյաժը՝ Ռոբերտ Աբաջյանը, ում մասին ես շատ սիրով գրեցի, կարող էր չէ՞ ինքն ուրիշ ելք գտնել, բայց նա ընտրեց այս ճանապարհը և հենց այդ պահին նա հերոսացավ: Չնայած՝ ես գիտեմ, որ իր ապրած տարիների ընթացքում էլ նա պատրաստ է եղել օգնության հասնել և ձեռք է մեկնել շատերին: Եղել են նաև շատերը, ովքեր երազել են խաղաղ կյանքի մասին, բայց երբ եկել է պահը, հերոսացել են:
Ես դրա համար եմ շեշտը դնում ոչ թե նրա վրա, թե նրանք ինչ դաստիարակություն են ստացել, կամ որ սերնդից էին՝ 20-րդ դարի դարավերջի, թե 21-րդ դարի դարասկզբի, այնտեղ հայի գեն կար, հայի տեսակ, հայի արյուն կար: Եթե ես համոզված չլինեի դրանում, ես ոտքս անձամբ չէի դնի այն հողի վա, որտեղ այդ տղաները ծնվել և մեծացել են: Ամեն անգամ այցելելիս տվյալ շրջան կամ մարզ, հատկապես՝ Սյունիք, ես զգացել եմ՝ այդ հողը խոսելու կարողություն ունի, եթե դու կարողանում ես լսել, իսկ այդ հողից այդ սնունդը ստացողների օջախ ոտք դնելը նշանակում է հասկանալ՝ ով է այդտեղ ծնվել, ինչպես է մեծացել՝ նույնիսկ ոչ այնքան բարեկեցիկ պայմաններում ապրելիս:
- Իսկ ո՞րն է այսօր հայ ժողովրդի ապրելու բանաձը, արդյո՞ք այն փոփոխության կարիք ունի:
- Որոշ հատվածներում իսկապես ունի, որովհետև խաղաղ պայմաններում բոլորը ձգտում են ավելիին, և այդ ավելին նյութականի է վերածվել՝ ավելի թանկ հագուստ, ավելի շքեղ մեքենա, բնակարան, այսինքն սկսում է ծառայությունը մամոնային՝ նյութականին, փողին, շահին և ոչ թե աստծուն, որը ոգեղենն է, որն ավելի սնուցող է: Երբ դու սկսում ես լսել քո հոգու ձայնը, դու շատ ավելի հարուստ ես, քան այն պարագայում, երբ ունենում ես նյութական բարեկեցության բոլոր միջոցներն ու հնարավորությունները: Սրան պետք է ուշադրություն դարձնել, սրա վրա է պետք շեշտը դնել:
- Ուսումնական հաստատություններում, մասնավորապես դպրոցներում ներկայացվա՞ծ են մատենաշարի հատորները, և որքանո՞վ են դրանք կիրառվում ուսումնական գործընթացում:
- Խոստանում են, որ պետք է կիրառվի: Երբ որևէ դպրոցից հրավեր եմ ստանում, որտեղ հանդիպում է լինում երեխաների հետ, դպրոցն անպայման ստանում է գրքերը որպես նվեր: Օրերս ես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում էի, այնտեղ էլ գրադարանին նվիրեցի 10-րդ հատորը, որպեսզի անձամբ կարդան և մեկ առ մեկ ծանոթանան քառօրյա պատերազմի 73 հերոսների կենսագրություններին, ինչպես նաև Սիսիանի Արցախյան ազատամարտի ևս 30 հերոսներին: Ես նկատեցի, որ գիրքը միանգամից ձեռքից ձեռք էին տանում, պարտադրում էին մեկը մյուսին, որ շատ երկար չպահեն ձեռքում և փոխանցեն մյուսներին՝ գրքին ծանոթանալու և թերթելու համար: Իմացա նաև, որ ունենք հատուկ ռադիոժամ, և այդ գրքից հատվածներ են կարդում տղաների համար:
Հետաքրքրվածութունն իրոք կա, որովհետև ամեն անգամ հաղորդումից հետո իմ տունը, կատակով միշտ ասում եմ, որ «սմոլնի»-ի է վերածվում, զանգահարում են, գովեստի խոսքեր են ասում և ուզում են, որ հաղորդաշարն անվերջ շարունակվի: Ես կուզեի, որ չշարունակվեր, բայց քանի որ Արցախյան ազատամարտի յոթ հազար հերոս ունենք, իսկ առ այսօր տասը հատորում կարողացել եմ տեղավորել ընդամենը 1100 հերոսի կենսագրություն, դեռ շատ աշխատանք կա անելու, և այդ ամբողջ աշխատանքի ընթացքում ես պիտի աշխատեմ՝ շարունակական լինի այն զգացողությունը, որ սա սոսկ հերոսի կենսագրության նկարագրություն չէ: Ես միշտ ասում եմ, որ սա հայոց պատմություն է՝ նախապատմական ժամանակներից սկսած՝ մինչ այսօր: Հետաքրքրությունը դրանում է, և արժեքը, կարծում եմ, ևս դրանում է: Տարբեր պատերազմներից սպայական կազմի, գեներալերի, նշանավոր հերոսների մասին շատ հիշատակություններ ունենք: Այո՛, պատերազմը ղեկավարում է սպայակազմը, հրամանատրությունը, բայց հաղթանակը կռում, հողը պահում են շարքային զինվորները:
- Ձեր հարցազրույցներից մեկում Արցախյան ազատամարտը նույնացրել եք գրերի գյուտի հետ՝ համարելով այն երկրորդ ոսկե դարը հայոց պատմության մեջ: Երկուսն էլ, ըստ էության, հայ ժողովրդի գոյատևման առանցքային նախադրյալներն են եղել: Սա նշանակու՞մ է, որ հայ ժողովուրդն իր պայքարը պետք է մղի հավասարապես գրով և զենքով՝ ձեռքը վերցնելով մեկը՝ չմոռանա մյուսի մասին:
- Միանշանա՛կ, ճիշտ եք մեկնաբանում իմ խոսքերը, հենց դրա համար եմ ես համարում այն ոսկե դար, քանի որ առաջինի դեպքում մենք հաստատեցինք մեր ինքնությունը, իսկ երկրորդի դեպքում՝ պահպանեցինք այն: Եվ ի վերջո, 20-րդ դարավերջին մենք ապացուցեցինք, որ լաց լինող ազգ չենք: Մենք պատրաստ ենք նաև հաղթանակներ կռել ու կոփել, և սա ինձ համար իմ ապրած կյանքի ամենաերանելի պահն է՝ իմ վշտի հետ համատեղ: Որդի կորցնելուց հետո ինձ համար՝ որպես հայ կնոջ, որպես հայ մոր, որպես եղեռնազարդ գերդաստանի ծնունդ, Արցախյան ազատամարտում կռած մեր հաղթանակը հպարտությամբ ապրելու հնարավորություն է: