Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
«Մանկական Եվրատեսիլ 2010»-ում հաղթած Վլադիմիր Արզումանյանը ծառայում է Հայոց բանակում։ Նա ծառայության է անցել Ստեփանակերտում` Պաշտպանության բանակի շտաբի նվագախմբում։ Tert.am Life–ի հետ զրույցում Վլադիմիրը պատմել է իր ծառայության և նպատակների մասին։
«Փառք Աստծո, ծառայությունն անցնում է շատ լավ` խաղաղ պայմաններում։ 10 ամիս է, ինչ ծառայում եմ։ Օրերն արագ են անցնում։ Պետք է ծառայության մեջ ինչ–որ հետաքրքրություն գտնես, որ օրերն արագ անցնեն։ Մինչև բանակ գալը ամեն ինչի ուրիշ աչքով էի նայում, բայց երբ անցա ծառայության, պատկերացումներս փոխվեցին։ Բանակը փոխում է մարդուն։ Էլ ավելի ես լրջանում, սկսում ես ճանաչել մարդկանց և այլն»,– նշեց Վլադիմիրը։
Վերջինս նկատեց, որ իր հայտնիությունը ծառայության մեջ առավելություն չէ։ «Բանակում կարևոր չէ` հայտնի՞ ես, թե` ոչ, կարևորը մարդկությունն է։ Երբ անցա ծառայության, մի քանի տղաների ճանաչում էի, նրանց հետ եմ ընկերություն անում։ Ժամանակի ընթացքում մյուս զինվորների հետ էլ սկսեցի ընկերանալ։ Բոլորի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք` մի ընտանիքի պես»,– հավելեց Վլադիմիրը։
Վլադիմիրի համար ծառայության հետաքրքրություններից է այլ զորամասեր այցելությունները. «Հետաքրքիր է, որ մենք մեր խմբով մեկնում ենք զորամասեր մնացած զինվորների մարտական ոգին բարձրացնելու»։
Խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին` երգիչն ասաց, որ, անպայման, շարունակելու է զբաղվել երգարվեստով։ «Ես, նախքան ծառայության անցնելը, ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Երբ ծառայությունս վերջացնեմ, տեղափոխվելու եմ Երևան` սովորելու։ Առանց երաժշտության ինձ չեմ պատկերացնում։ Հետագայում այլ մասնագիտություն կընտրեմ, թե ոչ, դեռ չեմ մտածել»,– նշեց Վլադիմիրը։
Երգչից հետաքրքրվեցինք, իր կյանքում կա՞ ինչ–որ մեկը, որին բոլորից առավել է կարոտում ծառայության ընթացքում։ Ի պատասխան` նա ասաց. «Կարոտում եմ ընտանիքիս անդամներին ու հարազատներիս»։