Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Բարև՛, իմ քա՛ջ զինվոր…
Որպիսությունդ հարցնելու կարիք չեմ զգում, քանի որ գիտեմ` ինչ ես ապրում ու վերապրում ամեն օր: Եղանակին դու հաշվետու չես, քեզ համար նշանակություն չունեն նրա դրսևորումները: Դու քարի պես անհնազանդ ես նրան: Քո սրտում և հոգում խառնվել են սեր ու կարոտ, վախ ու արիություն, ապստամբություն և հնազանդություն: Ուսերիդ վրա կրում ես ազգիդ ապահովության պատասխանատու և դժվարին բեռը: Շատերը հաճախ են մոռանում գոյությունդ, վտանգն ու վախը, որ հանկարծ մարմինդ կխոցի թշնամու գնդակը: Ոչ ոք չի հասկանա, թե ինչ բարդ ու դժվար է հոգեկան աշխարհդ հարմարեցնել ամեն պայմանի, հնազանդեցնել անձդ ամեն իշխանության, ամեն հնչող հրամանի…
Հպարտ եմ քեզնով, հա՛յ զինվոր, հա՛յ բանակ, որ ամեն քաջ զինվորով ես ամրանում, որ առանց քո զինվորի դու չկաս ու առանց քեզ չկա ազգ, չկա պետություն: