Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Մայր իմ, չխոնարհես ոգիդ հերոսածին,
Դու քնքշորեն սփռիր ժպիտներդ
մանուկ օրերիս պես,
Որ նկարից քեզ նայող աչքերս
չխամրեն արցունքիդ շողե կարոտներից։
Ես այնտեղ եմ՝ հողին էությունս ձուլած,
Եվ արյանս կաթիլներով
գարնան ծաղիկներն արևագույն են հիմա․
Քեզ այդպես եմ սիրում։
Հայր իմ, ծխախոտի թանձրամշուշի մեջ
չես թաքցնի հայացքդ վեհ
հերոսերգող հպարտություն,
Պարպիր մոխրամանում ցավը արիաբար
Ու տուր քամուն՝
Իմ սենյակի պատշգամբից
մասիսհայաց, որ խաղաղվեմ,
Հոգուս եռագույնը ծածանեմ գագաթներից սեգ․
Քեզ այդպես եմ սիրում․․․
Սե՜ր իմ, ափերդ բաց,
Կես-էն իմ քո գոյին խառնած՝
Դու թռցրու ճերմակ հավքի նման,
Ու շուրթերով ծաղկաբուրող անունս շշնջա,
Եվ աղոթի՜ր, և աղոթի՜ր, և աղոթի՜ր
Գիշերներում, ուր էլ չկամ,
Ու ցերեկներում բուրվառիր
Իմ աններկա հուշի խնկածաղիկները բոլոր,
Եվ խոստացի՛ր, և չթողնե՛ս մնա
Դեռ չճոճված օրորոցը դատարկ,
Որ իմ որդուն պիտի օրորեր գալ գարնան,
Պիտի աշխարհ գա կյանք,
Դու մայր լինես նրան,
Եվ ճիչը քո մանկան օրորերգս լինի,
Եվ կոպերիս իջած նիրհը
Չլուսաբացվող հավիտենությամբ
Խաղաղվի վերջապես,
Որպես հողն հայրենի,
Եվ եզերքներն հայոց,
Ուր հնչում է խաղաղության
Հորովել-անդաստան․․․
Երկնապնակով մեկ
Հոգիս-բողբոջներում պայթած,
Եվ կյանքս –ընծայագրած ապրելու պատգամ՝
Հանուն, հանուն, հանուն․․․
ԵՍ ԱՅԴՊԵՍ ԵՄ ՍԻՐՈՒՄ։
Արմենակ Ուրֆանյանի հիշատակին
09.04.2016
Մարինա Գևորգյան