Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Այսօր՝ օգոստոսի 19-ին, Արցախի Պաշտպանության բանակի սերժանտ, ապրիլյան պատերազմի հերոս ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ կդառնար 21 տարեկան…
Հիշեցնենք, որ Ա. Սահակյանը ծնվել է 1996 թվականին Երեւանում՝ լրագրող ու ռեժիսոր Գայանե Անտոնյանի եւ շինարար Խաչատուր Սահակյանի ընտանիքում:
2002 թվականից սովորել է Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, ապա 2013 թվականին ընդունվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։
Զբաղվել է կարատեով եւ ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաեւ մարտարվեստի այլ տեսակներով, այդ թվում՝ բռնցքամարտով:
Ադամ Սահակյանը 2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել է բանակ եւ ծառայում էր Արցախի Հանրապետությունում: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։ Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր եւ նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տեւած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձեւ պաշտպանության: Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ(200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկնում է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին եւ դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում եւ կանգնեցնել հակառակորդին:
Ադամ Սահակյանը հետմահու պարգեւատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» եւ Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալներով:
Այսօր Երեւանի համար 114 ավագ դպրոցի պատմության դասասենյակը կրում է հերոս Ադամ Սահակյանի անունը:
Ծնունդդ շնորհավոր, հերոս…