Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Ես այս երգը երգում եմ կանգնած,
որովհետև դու նա ես,
ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու,
որովհետև դու նա ես.
ում համար կռվի են ելնում առանց հրամանի,
որին ասում են` միակ, կարոտում են հեռվից,
և կարոտից արտասվում են օտար սրճարաններում
և չգիտես թե ուր լողացող նավերի վրա:
Ես այս երգը երգում եմ սկզբից,
որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո
էլ ոչինչ չենք ունենա կորցնելու,
որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական,
լեռները` քարերի կուտակում,
սերը` շքեղություն ավելորդ
և որդի ծնելը` հանցագործություն:
Ես այս երգը երգում եմ գլխաբաց,
որովհետև դու նա ես,
ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման,
երբ մենք ճանապարհ ենք ընկնում,
երբ մենք սկսում ենք օրը,
երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին…
Հովհաննես Գրիգորյան