Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
- Այս ի՞նչ ես նկարել, Արևի՛կ։
- Խաղաղությո՜ւն...
Նայում եմ նկարին ու ապշում, իսկապես խաղաղություն է նկարել Արևիկը։ Նկարում կա հայր, մայր, քույր և եղբայր... հա՛-հա՛, հենց խաղաղություն է նկարի անունը։
Պատերազմ, խաղաղություն.... խաղաղություն, պատերազմ... ու հանկարծ վեր եմ թռնում տեղիցս։
Հիշում եմ, ավելին, երբեք չեմ մոռանա... այնքան աննկատ եկավ մեր տուն, այնքան անսպասելի...
Եկավ ու քարշ եկավ տատիս փեշերից, քաշեց քաշքշեց, կորացրեց, երկու ձեռնափայտ մեկնեց նրան... եկավ, որ էլ չգնա... ու 24 տարի շարունակ մենք քարշ ենք տալիս նրա գոյությունը...
-Զինադադար է, զինադադար է,-շնչակտուր ներս մտավ մայրս, բոլորն ուրախ խառնվեցին իրար,, տատս չուրախացավ. նա սառած և անթարթ նայում էր իր առջև հառնող բլուրին և ափսոսանքով սկսեց բարձր լաց լինել։
Ես այդ օրը ոչինչ չհասկացա, տատուս ցավ պատճառեց այն, որ զինադադա՞ր է, թե, որ այդ զինադադարը մեկ տարի շուտ չեկավ... բայց ես ուրախ էի, որովհետև այդ բառն ինձ շատ էր դուր եկել... զինադադար է... համ էլ, վերջապես նա կգնար մեր տնից, նա, որ եկել ու այդպես քարշ էր գալիս տատուս փեշերից... կգնար, չէ՞ որ զինադադար է... կգնար, բա, ոնց չէր գնա.... 24 տարի է պտույտ է գալիս մեր տան անկյուններով, ամեն պահի շրխկացնելով դեմքիդ նրա բացակայությունն ու իր ներկայությունը...
Իսկ ես տարիների ընթացքում հասկացա, որ պատերազմները չեն հեռանում, պատերազմներում զինադադար չկա, պատերազմերը կյանքեր ու բառեր են խլում... ու 24 տարի անց էդ պատերազմը հիմա ուրշների տներ է ներխուժում, որ խառնի, որ քարշ գա տատիկի փեշերից, որ բառեր խլի, որ...
Նայի՛ր,- կրկին բացականչեց Արևիկը՝ իրար խառնելով մտքերս,- նայի՛ր, կրկին խաղաղություն եմ նկարել։
Նկարում այս անգամ Արցախն էր։
Անուշ Զոհրաբյան